Ընտրակեղծիքներից ամենառիսկայինը կարող է լինել նույն կուսակցության ներսում քվեների գողությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախընտրական ցուցակի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

 Նա պարզաբանեց մեխանիզմը. նույն կուսակցության «ռեյտինգային» թեկնածուներից մեկի վստահված անձը հանցավոր համաձայնության է գալիս հանձնաժողովի անդամների հետ, որ տարբերություն չկա՝ քվեն ռեյտինգային որ թեկնածուին կգնա, կարեւորը՝ նույն կուսակցության ընտրազամբյուղ է մտնելու, եւ գողանում է իր կուսակցի օգտին քվեները։

«Ասում է՝ գլոբալ առումով միեւնույն է՝ ինչ տարբերություն Նաիրա Զոհրաբյանին է ձայն տված, թե՞ նույն ընտրատարածքում Նաիրա Զոհրաբյանի կուսակցությունից առաջադրված Պողոս Պողոսյանին, միեւնույն է՝ ընդհանուր քվեն գնալու է ԲՀԿ ընտրազամբյուղ, եկեք ներքին մանիպուլյացիա անենք»,– ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Խիստ զգուշացումով նա դիմեց բոլորին. «Հանկարծ չգտնվի ձեր մեջ նման կամիկաձե՝ լինի թեկնածու, թե հանձնաժողովի անդամ, թե վստահված անձ, որը կգնա նման ընտրակեղծիքի, հիշեք՝ մեկ ամիս առաջ փոխել ենք Քրեական օրենսգիրքը, մինչեւ 6 տարի նստելու է ամբողջ հանձնաժողովը»։

Նա ասաց, որ այս մտահոգությունը հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի ՀՀ–ում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ղեկավարին։

Նա նաեւ վստահեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը ընտրությունների ժամանակ եւ նախընտրական փուլում դադարեցնելու է բարեգործական ծրագրերը։