Գյումրիում «Դղյակ» սուպերմարկետի սեփականատեր Գուրգեն Ավետիսյանի սպանության  մեջ մեղադրվող Արա Մովսիսյանը դատապարտվեց ազատազրկման 4 տարի 3 ամիս ժամկետով։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է վերաորակել Արա Մովսիսյանին առաջադրված մեղադրանքը. սպանության հոդվածը վերաորակվել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը։ Այսպիսով, դատարանը Մովսիսյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 108–րդ հոդվածով (Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը), Քրեական օրենսգրքի 268–րդ հոդվածի 1–ին մասով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) եւ Քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 1–ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ դատապարտել 4 տարի 3 ամսվա ազատազրկման։

Նշենք, որ Արա Մովսիսյանը 2016թ.–ի մայիսի 19–ից կալանքի տակ է։

Հիշեցնենք, որ 2016թ. մայիսի 14-ին, ժամը 12:00-ի սահմաններում Արա Մովսիսյանն անձնական դրդապատճառներով վիճաբանել էր Գուրգեն Ավետիսյանի հետ: Այդ ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած և պահած գործով չպարզված տեսակի ատրճանակի գործադրմամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Մովսիսյանը կրակել ու սպանել էր գործարարին:

Նշենք, որ այս գործով ի սկզբանե ձերբակալվել էր Գուրգեն Ավետիսյանի մանկության ընկեր Արմեն Փափազյանը, որն աշխատում է Շիրակի հարկային տեսչությունում: Ավելի ուշ, սակայն, նա ազատ արձակվեց եւ նրա փոխարեն գործով որպես մեղադրյալ ներգրավվեց Արա Մովսիսյանը: