«Մենք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է թիվ 1 ընտրական տարածքում՝ Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։

Այս առնչությամբ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գիտեմ, որ հարցնելու եք` ինչո՞ւ ես` արարատցիս, ուզում եմ լինել ձեր պատգամավորը: Որովհետեւ ինձ համար Հայաստանը ծայրից ծայր սահմանամերձ հայրենիք է, ու ես ուզում եմ ձեզ համար լինել այն պատգամավորը, որ խնդիրները լուծելու մեջ իմ ու քո չի տեսնում, տեսնում է «Մենք» ու մենքով է պայմանավորում բոլորիս ու յուրաքանչյուրիս հաջողությունը: Ստանալով ձեր ձայնը` պատրաստ եմ թիվ 1-ը լինել թիվ 1 ընտրատարածքում` ձեր կողքին ու ձեզ թիկունք: Դեկտեմբերի 9-ին մենք սկսում ենք մի ճանապարհ, որի հաջողությունը մեզնից է կախված ու մենք ենք մեր որոշումների պատասխանատուն, մեր ընտրության տերը»։

Նշենք, որ այս պահին հայտնի է միայն, թե ովքեր են առաջադրվելու «Իմ քայլ» դաշինքից այս ընտրական տարածքում։ Մյուս ուժերի ռեյտինգային թեկնածուները հայտնի չեն։