Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սերբական տելեգրաֆ» պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է այն մասին, որ Արեւմուտքը Ռուսաստանի դեմ Բալկանները եւս մեկ պլացդարմ դարձնելու համառ փորձեր է ձեռնարկում:

Նա հիշեցրել է, որ սառը պատերազմի ավարտից հետո Արեւմուտքը հրաժարվել էր Եվրաատլանտիկայում հավասար եւ անբաժանելի անվտանգության ճարտարապետության ձեւավորման համատեղ աշխատանքից, ինչի համառ կոչ էր անում Ռուսաստանը: Դրա փոխարեն՝ արեւմտյան երկրներն ընտրեցին իրենց ենթակա աշխարհաքաղաքական տարածքի ընդարձակման եւ եվրոպական մայրցամաքում նոր բաժանարար գծերի ստեղծման փակուղային ճանապարհը, նշել է նա:

«Օրինակ՝ 1999 թվականին, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, Հարավսլավիան 2,5 ամիս ռմբակոծել են, իսկ այնուհետեւ ագրեսիան լեգիտիմացնելու համար ընդունել են Կոսովոյի միակողմանի կարգով հռչակած անկախությունը»,- ասել է Լավրովը:

Նրա կարծիքով՝ այդպիսի հակառուսական քաղաքականության արդյունքներից մեկը ԱՄՆ եւ մի շարք եվրոպական երկրների «ռեժիսորությամբ եւ աջակցությամբ» 2014 թվականի փետրվարին Կիեւում հեղաշրջումն էր:

«Տպավորություն է ստեղծվում, որ Արեւմուտքում դաս չեն քաղել ուկրաինական ողբերգությունից: Այսօր Բալկանները Ռուսաստանի դեմ եւս մեկ պլացդարմի վերածելու համառ փորձեր են ձեռնարկվում: Տարածաշրջանի երկրներից համառորեն պահանջում են ընտրություն կատարել՝ կա՛մ Մոսկվան, կա՛մ Վաշինգթոնը եւ Բրյուսելը»,- ասել է դիվանագետը:

Նա հավելել է, որ Ռուսաստանում տեղյակ են Բելգրադի վրա գործադրվող ճնշման մասին, որպեսզի այն դադարեցնի Մոսկվայի հետ համագործակցությունը, եւ նշել է, որ Սերբիայում դրան «վստահաբար կհակազդեն»:

«Մոսկվան բարձր է գնահատում Սերբիայի ինքնուրույն բազմավեկտոր արտաքին քաղաքական կուրսը, որը, վստահ եմ, համապատասխանում է ձեր ժողովրդի արմատական շահերին»,- եզրափակել է Լավրովը: