Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդունել է, որ միգրացիոն քաղաքականության մեջ սխալներ է թույլ տվել, հայտնում է Deutsche Welle-ն:

Նոյեմբերի 16-ին քաղաքական գործիչը հանդիպել է Խեմնից քաղաքի բնակիչների հետ, որտեղ օգոստոսի վերջին Գերմանիայի քաղաքացի էր սպանվել: Նշվում է, որ տեղացու սպանության մեջ կասկածում են փախստականներին: Քաղաքում տեղի էին ունեցել զանգվածային ցույցեր, որոնց ընթացքում աջ արմատականները արտասահմանցիների վրա մի քանի հարձակումներ էին կատարել:

Մերկելն ընդունել է, որ Խեմնիցում «սարսափելի սպանություն է կատարվել, որը  մարդկանց գրգռել է»: Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը սխալ է թույլ տվել՝ աշխարհի մի շարք երկրներ եւ տարածաշրջաններ «անվտանգ» չճանաչելով, ինչը կօգներ կրճատել փախստականների հոսքը:

Նշվում է, որ Մերկելի քաղաք այցելության ժամանակ բողոքի ակցիաներ են անցկացվել նրա վարած քաղաքականության դեմ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ եվրապատգամավորը Գերմանիայի կանցլերին մեղադրել էր Եվրամիության «փլուզման» մեջ: