Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը այս երկրի ԱԳՆ բողոքի նոտա է հղել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաեւան՝ կապված Փարիզ Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցի հետ:

«Սրա հետ կապված Ադրբեջանի ԱԳՆ-ն կատարել է կոնկրետ եւ խիստ հայտարարություն»,- ասել է նա:

Աբդուլաեւան նշել է, որ Ադրբեջանը Ֆրանսիայի նման քայլը, որը ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ու այցի համար պայմաններ է ստեղծել, գնահատում է որպես «օկուպացիոն ռեժիմի խրախուսում»: «Մենք կարծում ենք, որ Ֆրանսիայի այս քայլը լուրջ կասկածի տակ է դնում նրա օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը: Սրա հետ կապված Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը Ֆրանսիայի ԱԳՆ բողոքի նոտա է հանձնել»,- հավելել է նա:

Նշենք, որ Փարիզից հետո Բակո Սահակյանն ուղեւորվել է ԱՄՆ: