Բելառուսի ԱԳՆ տեղեկատվության եւ թվային դիվանագիտության վարչության պետ-մամուլի քարտուղար Ա. Գլազն այսօր՝ նոյեմբերի 17-ին, մեկնաբանել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարներից պարզաբանումներ է պահանջելու:

Համապատասխան մեկնաբանությունը տրվել է «TUT.BY» պորտալին եւ հրապարակվել է Բելառուսի ԱԳՆ կայքում: 

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն, ըստ երեւույթին, իրեն միջազգային դատախազ է երեւակայում, որը լիազորված է պատժել կամ ներել:

Հնարավոր է՝ դա ընդունելի էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում: Բայց միջազգային հարաբերություններում գոյություն ունեն արարողակարգի եւ էթիկետի միանգամայն հստակ նորմեր:

Հավանաբար, պարոն Փաշինյանը դեռեւս չի հասկացել, որ, այսպես կոչված, փողոցային ժողովրդավարության կանոնները անընդունելի են մեծ քաղաքականության մեջ: Ափսոս: Հույս ունենք, որ դա ժամանակի ընթացքում կանցնի»,- հայտարարել է Ա. Գլազը:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ կապված  ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի հետ քննարկելու համար։ 

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւից միմյանց հակասող հայտարարություններով հանդես գալու համար: Մասնավորապես ՀԱՊԿ գագաթնաժողովի նիստից հետո նա հայտարարել էր, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը

Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից եւ Նազարբաեւից