Քանի որ վստահելի սոցիոլոգիական հարցումներ Հայաստանում գոյություն չունեն, միայն կոպիտ դիտարկումների վրա կարող ենք ասել, թե որ ուժերը կհայտնվոր ներ խորհրդարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ նոր խորհրդարանում անկասկած կլինի «Իմ քայլը» դաշինքը, որը մեծ ներկայացվածություն կունենա շնորհիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի. «Հավանական է, որ ԱԺ կանցնի ԲՀԿ-ն, իսկ երրորդ տեղի համար, ամենայն հավանականությամբ, պայքարը կընթանա է երեք ուժի միջեւ՝ ՀՀԿ-ն, «Սասնա ծռեր» եւ «Լուսավոր Հայաստան»: Թե այս ուժերից որը կզբաղեցնի երրորդ տեղը, միգուցե նաեւ 4-րդ ուժ էլ անցնի, մի փոքր դժվար է ասել: Իսկ մնացած ուժերի հավանականությունը, որ կանցնեն խորհրդարան, այդ թվում ՀՅԴ-ի, «Մենք» դաշինքի, ՕԵԿ-ի, գրեթե զրոյական է»,-ընդգծեց Արմեն Բադալյանը:

Նա կարծիք հայտնեց, որ լրատվամիջոցների կողմից գերագնահատվում է այն հանգամանքը, թե ովքեր են ընդգրկված քաղաքական ուժերի ցուցակներում, որովհետեւ որպես կանոն քվեարկության գնացող ընտրողներին ընդհանրապես չի հետաքրքրում, թե ովքեր են ընդգրկված ցուցակներում. «Մարդը քվեարկում է երկու սկզբունքից ելնելով՝ նայած թե ինչ էլեկտորալ խմբի է պատկանում: Կամ կյանքի ցանկալի կերպարի համար ես քվեարկում, եթե դու քաղաքական կողմնորոշմամբ քվեարկող ես, կամ անհատին ես քվեարկում: Այսինքն կոնկրետ «Իմ քայլը» դաշինքի եւ ԲՀԿ-ի դեպքում մարդիկ քվեարկելու են հաշվի առնելով այդ ուժերի առաջնորդներին, անկախ նրանից, թե ովքեր են ընդգրկված այդ ցուցակներում: Քաղաքական կողմնորոշմամբ քվեարկուղները, որոնք քվեարկելու են ՀՀԿ-ին, «Սասնա ծռերին» կամ «Լուսավոր Հայաստանին», նրանց համար էլ կողմնորոշիչ է լինելու այդ կուսակցությունը, ոչ թե այն, թե ովքեր են այդ ուժերի ցուցակներում»,-ընդգծեց քաղտեխնոլոգը:

Այդուհանդերձ, Արմեն Բադալյանը նկատեց, որ ցուցակում ընդգրկված անձինք եւս նշանակություն ունեն, ուղղակի դա երկրորդական է: «Կուսակցությունը այս կամ տեղը կգրավի, թե չի գրավի, դա կախված է նաեւ նրանից, թե ինչպես կաշխատեն ռեյտինգայինով գրանցված  թեկնածուները»:

Արմեն Բադալյանը նշեց, որ այս փուլում ինքը կողմ է ռեյտինգային ընտրակարգին, որովհետեւ մաքուր համամասնական ընտրակարգի դեպքում բոլոր թեկնածուները ԱԺ-ում հայտնվելու համար պետք է պարտական լինեին կուսակցության ղեկավարին, իսկ հիմա 50 տոկոսով են պարտական լինելու կուսակցության ղեկավարին, իսկ մյուս 50 տոկոսով պարտական են լինելու իրենց, քանի որ տեղերում նրանք ստիպված են լինելու աշխատել ու ձայներ բերել:

«Հիմա տեղերում թեկնածուների աշխատանքից պարզ կլինի, թե այդ կուսակցության ձայները կավելանան, թե կնվազեն: Այսինքն ռեյտինգային ընտրակարգը ցույց է տալու այդ ցուցակներում ընդգրկված թեկնածուների մրցունակության աստիճանը: Ընդ որում, ով ավելի մրցունակ կլինի, նա ոչ միայն կհայտնվի ԱԺ-ում, այլեւ հետագայում կարող է հավակնել բարձր պաշտոնների, ինչը տրամաբանական է: Այսինքն հեշտ է փողոց փակել ու դրանից հետո դառնալ նախարար, բայց անհամեմատ դժվար է կոնկրետ ընտրական տարածքում  պետք է աշխատես ու համոզես ընտրողին որ քեզ ու քո կուսակցությանը ձայն տա»,-ասաց քաղտեխնոլոգը: