ՀՀԿ-ին թվում է, որ եթե ընտրություններում մրցակցությունը տեղափոխեն «սեւ-սպիտակի» դաշտ, դրանից իրենք կարող են շահել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն իրեն միակ ընդդիմություն է հռչակել եւ փորձում է դաշտը բաժաել սեւ ու սպիտակի, դա որքանո՞վ արդյունավետ կլինի իրենց համար, նա պատասխանեց. «Բանն այն է, որ ՀՀԿ-ն հանդես է գալիս «Իմ քայլը» դաշինքի դեմ եւ հույս ունի, որ «սեւ-սպիտակի» մարտավարությամբ Նիկոլ Փաշինյանի հակաընտրազանգվածը, որքան էլ դա փոքր լինի, կմոբիլիզացվի իրենց շուրջը: Բայց այստեղ մի հարց կա, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի հակաընտրազանգվածը կմոբիլիզացվի հենց ՀՀԿ-ի շուրջ, քանի որ այդ զանգվածի մի մասը կարող  է այլ ուժերի գնալ:  Այսինքն ՀՀԿ-ն այս պահի դրությամբ «վա-բանկ» է գնում, քանի որ շատ մեծ հարց է, թե արդյոք վարչապետի հակաընտրազանգվածի մի մասը, ինչպես նաեւ տեղերում ՀՀԿ-ի դեռ մնացած ռեսուրսների փշրանքները կբավականացնեն, որ նրանք հաղթահարեն նվազագույն 5 տոկոսի շեմը, թե ոչ: Սա հարց է, որին ես չեմ կարող պատասխանել, դա կարող են ասել միայն սոցիոլոգները»,-ընդգծեց Արմեն Բադալյանը:

Նա նկատեց, որ ՀՀԿ-ի մարտավարության հաջողությունը կախված է նաեւ նրանից, թե որքանով իշխող ուժը, նաեւ մյուս ուժերը՝ ԲՀԿ-ն, «Սասնա ծռերը», «Լուսավոր Հայաստանը», կգնան «սեւ-սպիտակի» մարտավարությամբ: Քաղտեխնոլորգի խոսքով, եթե այդ ուժերը չգնան «սեւ-սպիտակի» պայքարի, ապա վարչապետից դժգոհ զանգվածը կարող է ոչ թե մտնել ՀՀԿ-ի առաջարկած «սեւ սպիտակի» դաշտ, այլ ընտրել մյուս ուժերին: «Խոսքը վերաբերում է հատկապես վարչապետից դժգոհ այն զանգվածի մասին, որոնք ավելի արմատական քայլերի կողմնակից են եւ դժգոհ են, որ վարչապետը ավելի կտրուկ քայլերի չի գնում: Այդ ընտրազանգվածը, ավելի հավանական է, որ գնա «Սասնա ծռերին»:

Նշենք, որ ՀՀԿ-ականները հայտարարում են, որ ՀՀ քաղաքացիները պետք է կամ ընտրեն Նիկոլ Փաշինյանին, կամ ՀՀԿ-ին, քանի որ վերջինս միակ ընդդիմադիր ուժն է: