Պաշտոնական Մինսկի հայտարարությանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը.

«Ծանոթացա Բելառուսի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությանը և կարող եմ ասել հետևյալը. ՀՀ վարչապետը հստակ է արտահայտվել եւ նրա բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն: Ինչ վերաբերում է էթիկային եւ կոռեկտությանը, մեր գործընկերները շարունակում են դրանց կոպիտ ոտնահարումը, առայժմ գլխի չընկնելով, որ դա կասկածի տակ է դնում կառույցում դաշնակցային վստահելիությունը:

Նաեւ մեծ քաղաքականության միջազգային նորմերի առումով ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ, գաղտնի նիստի բովանդակության մասին դաշնակից երկրի հակառակորդ երկրին պատմելը հարցեր է առաջացնում, եւ ՀՀ վարչապետին ճանաչելով, կարող եմ ասել, որ նա այդ հարցերի պատասխանը կստանա:

Սա փողոցայի՞ն, դատախազակա՞ն, թե ժողովրդավարակա՞ն մոտեցում կգնահատվի՝ արդեն սուբյեկտիվ ընկալման հարց է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի հետ քննարկելու համար։

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւից՝ ընդհանուր պահմանավորվածություններին հակասող հայտարարությամբ հանդես գալու համար. մասնավորապես ՀԱՊԿ գագաթնաժողովի նիստից հետո նա հայտարարել էր, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը

Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից եւ Նազարբաեւից