Թբիլիսիի քաղաքային դատարանը չի բավարարել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հայցը Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ ընտրությունների 2-րդ փուլի անցկացման ամսաթվի առնչությամբ։ Այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։

Ընդդիմադիր ուժը պահանջում էր անօրինական ճանաչել ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիայի որոշումը ընտրությունների 2-րդ փուլը աշխատանքային օր՝ չորեքշաբթի, նոյեմբերի 28-ին նշանակելու մասին։

Դատարանը որոշել է, որ երկրորդ փուլը նշանակվել է Վրաստանի ընտրական օրենսդրության համապատասխան, այսինքն՝ նախագահական ընտրությունների առաջին փուլի ամփոփիչ արդյունքների արձանագրության հրապարակման 14-րդ օրը։

Կուսակցության ներկայացուցիչ Լեւան Բեժաշվիլիի խոսքով՝ ընդդիմադիր ուժը կբողոքարկի դատարանի որոշումը, թե ոչ, պարզ կլինի խորհրդակցություններից հետո։

Միաժամանակ նշենք, որ քաղաքային դատարանը նախօրեին մերժել էր նաեւ «Եվրոպական Վրաստան» կուսակցության հայցը, որը եւս ամսաթվին էր վերաբերում։

Ընտրությունների օրը՝ նոյեմբերի 28-ը Վրաստանում  հայտարարված է ոչ աշխատանքային օր։ Որպեսզի արտասահմանում գտնվող վրացիները եւս կարողանան քվեարկել, քվեարկության գործընթացը արտասահմանյան տեղամասերում կձգվի մինչեւ կեսգիշեր, իսկ Վրաստանում դրանք կփակվեն 20։00-ին։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով 2-րդ փուլում մրցում են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն, որն առաջադրվել է միացյալ ընդդիմության կողմից, եւ Սալոմե Զուրաբաշվիլին, որին սատարում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։