ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության ձայնագրությունը լսելու պատճառ չի տեսնում։

Fox News Sunday-ին տված հարցազրույցում Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ը ստացել է Թուրքիայի կողմից տրամադրված ձայնագրությունները, սակայն նշել է, որ չի ուզում լսել դրանք։ «Ես դրանք լսելու պատճառ չունեմ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Պատասխանելով այն հարցին՝ եթե չի լսել, ինչպես է հայտարարել, որ դա «սարսափելի ձայնագրություն է», եւ ինչպես է, որ առանց լսելու ամեն ինչ գիտի, Թրամփն ասել է, որ այն ինչ տեղի է ունեցել Խաշոգջիի հետ «շատ դաժան, արատավոր եւ սարսափելի է»։

Նա ասել է, որ չգիտի, թե խաբել է արդյոք իրեն թագաժառանգ արքայազնը՝ ասելով, որ կապ չունի սպանության հետ։ Թրամփը նաեւ հավելել է, որ եթե անգամ արքայազնը ստել է, ինքը դա կարող է անտեսել, քանի որ Սաուդյան Արաբիան դաշնակից է, եւ ինքն «ուզում է լինել այդ դաշնակցի հետ, որը շատ հարցերում բավական լավն է եղել»։