«Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը անտեղի է համարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ջերմ հարաբերությունները կապել ՀԱՊԿ-ի վերաբերյալ  Բելառուսի նախագահի հայտարարությունների հետ:

Նոյեմբերի 19-ի ճեպազրույցում Վահե Էնֆիաջյանը նշեց, որ անհրաժեշտ է օգտագործել միջազգային հարթակներում բոլոր հնարավորությունները՝ ի շահ Հայաստանի եւ ժողովրդի: «Պետք չէ կենտրոնանալ հայտարարությունների վրա՝ մոռանալով սեփական գործընթացները: Ավելի ճիշտ կլինի մտածել 2019 թ. բյուջեի եւ սոցիալական խնդիրների լուծման մասին», - ասաց Էնֆիաջյանը` հավելելով, որ ինքն անձամբ Մինսկի այդ հայտարարությունները անընդունելի է համարում:

Հարցին՝ կմիջամտի արդյոք Գագիկ Ծառուկյանը իրավիճակին,  խմբակցության քարտուղարը նշեց, որ Ծառուկյանը միշտ օգտագործում է  անձնական կապերը երկրի տնտեսական կապերը բարեավելու համար: Չհամոզելով լրագրողներին, նա առաջարկեց դիմել Ծառուկյանի մամուլի քարտուղարին այդ հարցով ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար: