Եթե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սխալներ ու բացթողումներ չունենար, ապա չէր տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ: Այս մասին նոյեմբերի 19-ին ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին, պատգամավորը ընդգծեց, որ էյֆորիայի ժամանակ ընտրություններ չի կարելի անցկացնել: «Պետք էր կառավարությանը հնարավորություն տալ մեկ տարի աշխատել: Հասարակությունը պետք է գնահատական տար նրա աշխատանքին», - ասաց Բաղդասարյանը:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ հեղափոխության դեպքում չի կարող իներցիոն բյուջե լինել, իսկ 2019-ի բյուջեն անգամ իներցիոն չէ, այլ ռեգրեսիվ: Ըստ Վահրամ Բաղդասարյանի, մեծ մտավախություններ կան այն հարցի վերաբերյալ, թե ինչ մասնագետների ռեսուրսներ է նոր կառավարությունը օգտագործելու:

Հարցին, թե ինչ կարգախոսով է ՀՀԿ-ն ներկայանալու ընտրություններին, Բաղդասարյանը չնշեց, իսկ ռազմավարության մասին ասաց, որ այն կառուցողական կլինի: Հարցին, թե ինչպես կկազմակերպվի քարոզարշավը, պատգամավորը նշեց, որ հաշվի առնելով, թե որքան քիչ ժամանակ է հատկացվել դրա համար, հազիվ թե հանրահավաքներ տեղի ունենան, ավելի շատ ուշադրություն կհատկացվի լրատվամիջոցներին եւ հրապարակային ելույթներին: