ՀՀ–ում 3 միլիոն վարչապետ կա եւ պետք է այդպես էլ լինի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Մարտունու 190–ամյակին նվիրված միջոցառումներին ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք, ճիշտ է, շատ բարձր ինքնագնահատական ունեցող ժողովուրդ ենք, բայց մեկ–մեկ քննադատում ենք ինքներս մեզ, մեկ–մեկ էլ շատ ենք քննադատում։ Լսել եք չէ, որ ասում են՝ ա, դե էս երկում 3 միլիոն նախագահ կա, 3 միլիոն վարչապետ կա, 3 միլիոն նախարար կա եւ դա ասվում էր իբրեւ քննադատություն, թե մենք մի ժողովուրդ ենք, որ իբր մենք բան չգիտենք, կարգուկանոնի ենթարկվել չգիտենք։

Ես համաձայն չեմ դրա հետ, ես համարում եմ, որ այն, որ մեր երկրում 3 միլիոն վարչապետ կա, դա ոչ թե թերություն է, այլ առավելություն, դրա մեջ է ամբողջ իմաստը։ Երբ մենք ասում ենք, որ դուք այլեւս ՀՀ–ում իշխանություն եք, հենց դա նկատի ունենք, որովհետեւ, այո՛, վարչապետի կարգավիճակը մեկն է, բայց իր պատասխանատվությամբ ՀՀ–ում 3 միլիոն վարչապետ կա եւ պետք է այդպես էլ լինի։ Նոր ժամանակներում, նոր Հայաստանում վարչապետ լինելը վայելք չէ, վարչապետ լինելը պատասխանատվություն է»,–նշեց նա։

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ երբ ասում ենք, որ ՀՀ–ում իշխանությունը պատկանում է ժողովրդին հենց դա նկատի ունենք, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա. «Ձեզանից յուրաքանչյուրը վարչապետ է, եւ մենք փոփոխությունների կհասնենք, եթե այս նախադասության բուն իմաստը շատ լուրջ հասկանանք ու գնահատենք։ Եվ երբ հիմա ասում ենք, որ ձեզանից ամեն մեկը վարչապետ է, նկատի ունենք, որ ինչպես մեր՝ իմ, նախարարի, մարզպետի, այնպես էլ ձեզանից ամեն մեկի պատասխանատվության ժամն է եկել, որ դուք հասկանանք, թե ձեր ամեն որոշումից ինչքան մեծ բան է  կախված»։

Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ընտրություններում պատասխանատվությամբ որոշել իրենց ձայնի ճակատագիրը. «Օրինակ, ընտրություններում դուք մի ձայն ունեք, ես էլ մի ձայն ունեմ, նախարարն էլ մի ձայն ունի եւ ընտրություններում ամեն ձայնի ճակատագիրը որոշելիս ամեն մարդ պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը, որովհետեւ հիմա այն ժամանակը չի, որ մարզպետը, միլպետը, ԱԱԾ պետը, ընտրակաշառք բաժանողն է որոշում  կայացնելու, հիմա դուք եք կայացնելու որոշում, եւ ձեզանից յուրաքանչյուրը պետք է այդ որոշման ողջ պատասխանատվությունը զգա»։

Նա շեշտեց՝ պետք է հիշել, որ ամեն մեկը քվեարկելու է նաեւ այն երեխաների համար, որոնք դեռեւս քվեարկելու իրավունք չունեն, բայց ակտիվ մասնակցել են հեղափոխությանը. «Այո՛, ձեր մի քվեն որեւէ մեկին տալով դուք վճռում եք էս երեխեքի  ճակատագիրը, ովքեր դեռ քվեարկելու իրավունք չունեն, բայց ովքեր հեղափոխությանը շատ ակտիվ մասնակցեցին»,–ասաց Փաշինյանը, ապա դիմեց հավաքված երեխաներին. «Երեխեք, դուք մասնակցե՞լ եք հեղափոխությանը»։ Ի պատասխան բացականչություններին վարչապետի պաշտոնակատարը նշեց. «Ապրեք, հպարտանում եմ ձեզանով երեխեք ջան, հպարտանում եմ»։