Չարժի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ բանավեճը տեղափոխել անձնական բնութագրերի հարթություն: Այս մասին նոյեմբերի 19-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով Մինսկի եւ Երեւանի հայտարարությունները:

Նրա խոսքով՝ անձնական հարաբերությունները կարեւոր դեր են խաղում, եւ հայտարարությունները չպետք է լարվածություն առաջացնեն, այլ սուր անկյունները հարթեն: «Հարաբերություննրը հարվածի տակ դնելու կարիք չկա: Մարդիկ այնքան են վարժվել որոշակի ձեւակերպումներին, որ այլ ձեւակերպումները լսելիքը սղոցում են եւ առողջությունը փչացնում»,- հեգնանքով նշեց Ռուստամյանը՝ հիշեցնելով, որ արտաքին քաղաքականությունը նուրբ արվեստ է՝ յուրաքանչյուր բառը պետք է կշռադատված լինի: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ հայկական կողմը պետք է թույլ չտա կոնսենսուսի ոգու փոփոխություն: «Այս առումով կարծում եմ, որ ինչ-որ բան կփոխվի: Հայաստանն իր տեղն ու ձայնն ունի: Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի լռությանը, նա ճիշտ է վարվում՝ չփորձելով մի կողմ մնալ եւ օբյեկտիվությունը պահպանելով»,- նշեց Ռուստամյանը՝ հավելելով, որ սա հակասությունների բախման առաջին դեպքը չէ:

«Երկու նախագահների (Բելառուսի եւ Ղազախստանի) հայտարարությունները նույնպես հեռու էին կոռեկտ լինելուց եւ չէին բխում համագործակցության ոգուց: Բայց մենք պետք է այնպես ձեւակերպենք, որ հարցը չտեղափոխվի անձնական հարաբերությունների հարթություն: Հայաստանն իր դիրքորոշումն առաջ մղելու հիմքեր ունի, պետք չի շեշտադրումները անձերի վրա տեղափոխել»,- եզրափակեց Ռուստամյանը: