ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակչին՝ սպանության փորձ կատարելու համար:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 05:30-ին, Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի՝ 1983թ. ծնված բնակիչը՝ «որովայնի թափանցող վերք մեծ ճարպոնի արտամղմամբ, կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած արյունահոսող, ձախ ճաճանչդաստակային հոդի շրջանի, ձախ բազկի միջին 1/3-ի կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում 2018թ. նոյեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: 1983թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է նույն մարզի բնակիչ՝ ծնված 1975   թվականին:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել է եւ հարցաքննվել դեպքի շուրջ: Վերջինիս մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն:

Նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի բնակության վայրում եւ ավտոմեքենայում, որի ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել են դանակներ եւ ապակյա տարաներով կանաչավուն զանգված, պլաստմասե շիշ՝ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված կանաչավուն զանգվածով, թղթե արկղով կանաչավուն զանգված, կտորե պարկով բույսի ցողուններ եւ մանրացված  կանաչավուն զանգված, հայտնաբերվել են նաեւ ապակյա կաթուցիչներ, որոնց մեջ առկա են գորշավուն գույնի զանգված:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դատաբուսաբանական եւ դատագենետիկական փորձաքննություններ:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 1975թ. ծնված տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: