Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը հավանական է համարում Արցախի հիմնահարցում երկրի իշխանությունների վրա ճնշման գործադրումը:

Նոյեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսում Զաքարյանը հիշեցրեց ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի վերջերս արած հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով նոր իշխանությունների հեղինակության հետ կապված ակնկալիքների մասին: «Ստեղծված պայմաններում դժվար չէ եզրակացնել, որ որոշ ուժերի համար մեծ է հիմնահարցի լուծմանը ճնշման միջոցով հասնելու գայթակղությունը»,- նշեց Զաքարյանը՝ հավելելով, որ Հարավային Կովկասը շուտով կդառնա Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ռազմավարական ասպարեզ, քաղաքական իրադարձությունները շարունակվում են նաեւ Մերձավոր Արեւելքում: «Հարկավոր է դրան պատրաստ լինել եւ ներգործության փորձեր թույլ չտալ»,- շեշտեց Զաքարյանը: Նա այս համատեքստում անհրաժեշտ է համարում արհեստական քաղաքական իրավիճակից դուրս գալը, հստակ գնահատելը, սթափ ընտրություն կատարելը: «Գոչյուններով եւ թմբուկներով ընտրությունների գնալը սխալ է: Հարկավոր է մտածել: Մենք ո՛չ Մադագասկարն ենք, ո՛չ Ֆինլանդիան, մեր շուրջը սպառնալիքները չափից ավելի շատ են: Չի կարելի նման լուրջ հարցերը վստահել փորձ չունեցող մարդկանց: Չէ՞ որ դուք չեք նստի անփորձ վարորդի տաքսին, նույնսիկ եթե նա գեղեցիկ է ու լավը»,- նշեց Զաքարյանը:

Ի պատասխան այն նենգ հարցին, թե նախկին իշխանություններն էլ են համաձայնվել բանակցություններ վարել, որոնք տարածքային զիջումներ են նախատեսել, Զաքարյանը հարցի տոնին համահունչ շարունակեց. «եւ հմտորեն խուսափել ենք ցանկացած ճնշումից ու հակասությունների մեջ ներքաշվելուց: Քաղաքականությունը կառուցվել է շահերի համադրման, այլ ոչ թե բախումների վրա»: Անվտանգության գոտին կա եւ ամրապնդվել է, եւ տա Աստված, որ նոր իշխանությունները նույն կերպ շարունակեն: Նախորդ իշխանությունները համաձայել էին Մադրիդյան սկզբունքներով բանակցություններ վարել, բայց կարեւոր է, որ գերակշռել է՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ սկզբունքը: Երբ Ալիեւը հայտարարի, որ ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մենք պատրաստ ենք այլ հարցեր էլ քննարկել: Ոչ ոք չի համաձայնվի ինչ-որ բան տալ, հետո քննարկել: Սա անհեթեթություն է»,- հայտարարեց Զաքարյանը: