Առանց լայն հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության որեւէ հարկային բեռի ավելացում չի լինելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, կառավարության նիստն սկսելուց առաջ հայտարարեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մտցնել համընդհանուր հայտարարագրման համակարգ եւ 23 տոկոս եկամտային հարկով հարկել խոպանից ուղարկված գումարները, նաեւ հողից եկամուտ ստացող բոլոր գյուղացիներին:

Արարատ Միրզոյանը նկատեց, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել. «Ընդ որում քննարկումները կարող են մանիպուլատիվ տեսք ստանալ, կարող են աղավաղվել եւ մեկնաբանվել ոչ այնպես ինչպես կա: Բայց կարող են մեկնաբանվել նաեւ այնպես, ինչպես կա եւ արժանանալ մարդկանց կամ չարժանանալ մարդկանց հավանությանը: Միայն հանրության աջակցությանն արժանանալուց հետո դրանք կարող են կյանքի կոչվել»:

Անդրադառնալով կոնկրետ «խոպանչիներին» հարկելու նախաձեռնությանը, առաջին փոխվարչապետն ասաց, որ այն մի փոքր աղավաղվել եւ սխալ է մեկնաբանվում:

«Գաղափարը հետեւյալն է. կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ու եթե դա կյանքի կոչվի, բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, ինչպես դա հիմա անում են համապատասխան պաշտոն զբաղեցնողները: Նախ պետք է հասկանալ, թե որքանով է Հայաստանը պատրաստ դրան, եւ նույնիսկ եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պետք է բացառվի որեւէ եկամտի կրկնակի հարկումը: Այսինքն չի կարող պատահել, որ որեւէ մեկը իր եկամտից Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում հարկ է վճարում, ու մի հատ էլ Հայաստանում են հարկում:

Այս թեման նաեւ այլ նրբերանգներ ունի, չեմ ուզում խորանալ, քանի որ դեռ գաղափար է, պետք է քննարկվի, թե որքանով երկիրը կարող է շահել, քաղաքացիները որքանով կարող են շահել, որքանով՝ ոչ»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որի համաձայն, 2020 թվականից  եկամտային հարկի (23 տոկոս) պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Այսինքն սրանով պետք է հարկվեն նաեւ դրսից եկող մասնավոր տրանսֆերտ ստացողները, հասարակ գյուղացիները, բոլոր ինքնազբաղված անձինք:

Այդ նպատակին է ուղղված նաեւ ID-քարտերը կուտակիչ դարձնելու մեխանիզմը, որը թույլ կտա պարզել, թե որքան են կազմում մարդու եկամուտները, որից էլ հարկ կգանձվի: Ըստ էության, մարդիկ պետք է ինքնուրույն հարկային հայտարարագիր ներկայացնեն եւ վճարեն եկամտային հարկ:

Այս առնչությամբ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ռադիոլուր»-ին ասել է. «Այո, այդ գումարը, որը մարդը արտագնա աշխատանքի ժամանակ վաստակել է, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը եւ ապա հարկենք մեր օրենքով»: