Կառավարության նիստում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց օրակարգում ներառել նաեւ արտաբյուջեների վերացման հարցը, որը ամեն անգամ հասնում է կառավարություն եւ ամեն անգամ հետաձգվում է, քանի որ գերատեսչությունները չեն ցանկանում հրաժարվել իրենց ունեցած արտաբյուջեներից:

Ջանջուղազյանը հայտարարեց, որ Ֆինանսների նախարարությունը հրաժարվել է իր ունեցած արտաբյուջեից եւ առանձնապես դրանից իրենց աշխատանքը չի տուժել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեմ արտահայտվեց հարցն օրակարգում ներառելուն՝ նշելով, որ այն բավարար չափով քննարկված չէ, որ կոմիտեի նիստում բացասական եզրակացության է արժանացել:

Կառավարության նիստը վարող առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց. «Վստահաբար պետք է գնանք արտաբյուջեների վերացման ճանապարհով: Ափսոս, որ այս հարցը խորությամբ չի քննարկվել եւ նախարարությունները երեւի թե գնում են իներցիայով՝ նեղ գերատեսչական շահերը պաշտպանելու ճանապարհով»:

Մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց պայմանավորվել, թե ինչ ձեւաչափով պետք է հարցը քննարկել հետագայում, ինչ ժամկետներում, եւ հետ բերել հարցը կառավարության օրակարգ:

Սրան Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Սա բարեփոխումների ճանապարհին մեր կարեւոր քայլերից մեկն է եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով: Գերատեսչությունները պետք է հրաժարվեն այդ գայթակղությունից՝ երբ ավելի հեշտ կարող են կառավարել ֆինանսական հոսքերը: Բոլորը պետք է հասկանան, որ արտաբյուջեներով, ոչ թափանցիկ, զանազան հոսքերի կառավարում չի լինելու»:

Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Արտաբյուջեներին կողմ կամ դեմ լինելու համար նախ պետք է հասկանալ, թե դրանք ինչ խնդիր են լուծում: Ես կողմ եմ, որ որեւէ նախարարություն արտաբյուջե չպետք է ունենա, բայց քանի դեռ մենք հանգամանորեն չենք քննարկել, թե այդ արտաբյուջեներով ինչ ռիսկեր են կառավարվում եւ ուր են ուղղվում դրանք կարծում եմ՝ հրատապ բերել հարցը եւ քննարկման դնել, նպատակահարմար չէ:

Երբ մենք ամեն նախարարության հետ կապված, որն ունի արտաբյուջե, առանձին-առանձին կքննարկենք, կհասկանանք, թե այդ միջոցներն ուր են ուղղվում, ինչ ռիսկեր են կառավարվում, ես միանշանակ կողմ կլինեմ, որ կառավարության նիստում հարցը քննարկվի»: