Առաջիկա ընտրությունները դարձյալ կանցնեն առանց գաղափարախոսական եւ ծրագրային պայքարի: Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Փորձագետի խոսքով՝ առաջին պլան կմղվեն քաղաքական ուժերի առաջնորդները:

«Մարդիկ կքվեարկեն կուսակցությունների առաջնորդների օգտին, այլ ոչ թե նրանց ծրագրերի ու գաղափարախոսությունների: Նշանակություն չունի նաեւ այն, թե ովքեր են մտնում կուսակցական ցուցակների մեջ»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝  սա կապված է ոչ միայն բնակչության ընտրական մշակույթի առաձնահատկությունների հետ, այլ նաեւ այն բանի հետ, որ քաղաքական ուժերը (գերազանցապես ֆավորիտները) իրենց նախընտրական մարտավարությունը կառուցում են իրենց առաջնորդների շուրջը:

«Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի, որը հույսը դնում է դեռեւս պահպանված հետհեղափոխական էյֆորիայի վրա, «Բարգավաճ Հայաստանը» իր մարտավարությունը կկառուցի Գագիկ Ծառուկյանի կերպարի վրա, որը մշտապես դիրքավորվում է որպես «հասարակ ժողովրդի» մի ներկայացուցիչ:

Նրա խոսքով՝ մի փոքր այլ կլինի ՀՀԿ նախընտրական ռազմավարությունը, որը հենց չի կարողանա հենվել անձերի վրա, քանի որ այդ հարցում լիովին հեղինակազրկվել է, ուստի մարտավարությունը կկառուցի ներկայիս իշխանությունների քննադատության վրա:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին, որին մասնակցում են 11 քաղաքական ուժեր: