Իշխող կուսակցությունն, ամենայն հավանականությամբ, խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն կստանա եւ ոչ մի լուրջ մրցակից չի ունենա: Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Խորհրդարան անցած մյուս ուժերը հանդես կգան քննադատների դերում, իսկ որոշումները կընդունվեն կառավարությունում եւ օրենսդրական ձեւակերպում կստանան Նիկոլ Փաշինյանի կուսակցության կողմից»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա մեկնաբանեց նաեւ խորհրդարանական ընտրություններում մնացյալ կուսակցությունների հնարավորությունները:

Փորձագետի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, երկրորդ ուժը կլինի «Բարգավաճ Հայաստանը»: «Ինչ վերաբերում է երրորդ տեղին, ապա այստեղ պայքարը կծավալվի ՀՀԿ-ի, «Լուսավոր Հայաստանի» եւ «Սասնա ծռերի» միջեւ»,- շեշտեց նա:

Փորձագետը նշեց, որ «Սասնա ծռերի» ընտրազանգվածը կդառնա ընտրողների ազգայնական տրամադրություններով հատվածը, այսինքն՝ ըստ էության, կուսակցությունը հույսը դնում է ՀՅԴ ընտրողների ձայների վրա:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին, որին մասնակցում են 11 քաղաքական ուժեր: