Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ շուտ փաստացի սկսել է իր քարոզարշավը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Նա նաեւ գրել է.

«Աշխատանքային ժամերին, պետության կողմից տրամադրվող ռեսուրսի եւ հնարավորությունների օգտագործմամբ նա բացահայտ քարոզչություն է իրականացրել Գեղարքունիքում իր մի շարք հանդիպումների ընթացքում:

Սա բացարձակ անթույլատրելի է: Կամ իր "վարչապետական" այցերի ծրագիրն ու ելույթները պետք է բացառապես բխեն իր կարգավիճակից, կամ էլ պետական ռեսուրսի նման օգտագործումը եւ պաշտոնական դիքրի չարաշահումը նախընտրական ուղերձների եւ ելույթների համար պետք է դատապարտվի: Սա աղաղակող երեւույթ է, որի վրա հրավիրում եմ միջազգային դիտորդների ուշադրությունը:

Խոսել հավասար հնարավորությունների եւ օրենքի գերակայության մասին մի կողմից, մյուս կողմից չարաշահել վարչապետի պաշտոնակատարի դիքրը քարոզարշավային ֆալստարտի համար՝ սա վկայում է այն մասին, որ իշխանությունը չի խորշում ոչ վարչական ռեսուրսների օգտագործումից, ոչ էլ Ընտրական օրենսգիրքը բացահայտ խախտելու փաստից:

Պարոն Փաշինյան, կողմնորոշվեք, Դուք վարչապետ եք, թե ՔՊ քարոզիչ»: