Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը կմնա կալանքի տակ։ Այսօր՝ 2018 թ. նոյեմբերի 19–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ մերժել է Վարդանյանին 3 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ NEWS.am–ի հետ զրույցում Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրովի արդարադատություն է իրականացվում։ Ըստ նրա՝ դատարանը վերացական դատողությունների հիման վրա որոշում է կայացրել Վարդանյանին պահել կալանքի տակ՝ ենթադրելով, որ ազատության մեջ հնարավոր է նա խոչընդոտի գործի քննությանը։

Նշենք, որ մեկ ամիս առաջ էլ պաշտպանական կողմը 1 մլն դրամ գրավ էր առաջարկել Վարդանյանի համար, ինչը, սակայն դատարանը մերժել էր։

Նշենք, որ զինված խմբի 19 անդամներից ներկայումս կալանքի տակ է միայն Արթուր Վարդանյանը, մյուսիների նկատմամբ ընտրված են այլընտրանքային խափանման միջոցներ։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա: