ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը, ով մեղադրվում է ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու մեջ, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց նա։

Այս գործով կալանքի տակ գտնվող ամբաստանյալ Էդուարդ Ղազարյանը եւս չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու եւ իրացնելու մեջ։

Առաջադրված մեղադրանքը մասնակի է ընդունել միայն ամբաստանյալներից Գոռ Համբարձումյանը։ Ըստ մեղադրանքի, նա 2017թ. դեկտեմբերի 20-ին, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման նպատակով Դավիթ Սիմոնյանից ապօրինի ձեռք է բերել եւ պահել զգալի չափերով` ընդհանուր 3.56 գրամ մարիխուաննա թմրամիջոց: Այսօրվա դատական նիստում Գոռ Համբարձումյանն միջնորդեց իր նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցնել համաներման կապակցությամբ։

Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշեց բավարարել միջնորդությունը և Գոռ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:

Նշենք, որ Դավիթ Սիմոնյանն այսօր կրկին դատարան էր ներկայացել ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների ուղեկցությամբ: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում Սիմոնյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ իր անվտանգության հետ կապված խնդիր է տեսնում: