Մենք ՀՀԿ-ի հետ երբեք ոչ մի հարցում չենք բանակցել։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքը, թե իրենց ընդդիմադիր կոչող քաղաքական ուժերը ոչ այն ժամանակ կարողացան նորմալ ընդդիմության մեջ տեղավորվել, ոչ էլ հիմա, քանի որ մեկ իրենց հետ էին բանակցում, մեկ՝ նրանց։

«Եթե ՀՀԿ–ի հետ բանակցող լինեինք, առնվազն Վանաձորի քաղաքապետը մեզանից կլիներ»,–ասաց Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով, Հանրապետականներն այնքան վատ վիճակում են, որ սկսել են նման հերյուրանքներ տարածել՝ իբր իրենք կարող են լինել ընդդիմություն։

«Իսկ Վահրամ Բաղդասարյանը թող իր մասին մտածի, Վահրամ Բաղդասարյանը դեռ պետք է պատասխան տա Վանաձորում սեփականաշնորհած եւ քանդած հիմնարկների համար։  Վահրամ Բաղդասարյանի մասին էնքան բան կա ասելու, որ կարող է Վանաձորում լուրջ պրոբլեմներ ունենա՝ հիմա այստեղ քարոզարշավով է զբաղված»,–ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ի հետ իրենց բանակցելը լկտի սուտ է, հիմնարար սուտ։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում Մարուքյանի մեղադրանքին պատասխանեց, որ որեւէ վաճառած բան չունի. «Բոլոր այն ձեռնարկությունները, որոնց վրա մենք ամակ ունենք, բոլորը աշխատում են եւ մեծ ներդրումներ են արվում։ Մի խանգարեք ներդրում անողներին»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ–ի՝ միակ եւ իրական ընդդիմություն լինելը կասկածի տակ առնող քաղաքական ուժերին Վահրամ Բաղդասարյանն ասել էր, որ  ոչ այն ժամանակ կարողացան նորմալ ընդդիմության մեջ տեղավորվեն, ոչ էլ հիմա են տեղավորվում. «Ոչ իշխանության մեջ էին, ոչ ընդդիմության։ Պարզապես լուսանցքում էին։ Մի հատ հիշում եք, թե անընդհատ այդ խոսակցությունները կային։ Ռեալ ընդդիմություն կարողացա՞ն լինել: Դե որ ռեալ ընդդիմություն էին, թող իրար հետ ճանապարհ գնային։ Ինչի՞ էին տատանվում: Ասում էին կարող է հանրապետականը մի բան անի, սրանք չկարողանան գան։ Կարող է իրենք լավն են, մեզ հետ էին բանակցում, հետո նրանց հետ էին բանակցում։ Նման ընդդիմություն չի լինում։ Ինչ ընդդիմության մասին է խոսքը»։

Ժամանակին մեզ հետ էին բանակցում, նման ընդդիմություն չի լինում. Վահրամ Բաղդասարյանը՝ «Լուսավոր Հայաստանի» մասին