Ցավոք սրտի, հաստատվել են զեբրի թունավորման կասկածները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Նա վստահեցրեց, որ լաբորատոր փորձաքննությունը կատարել են ոչ թե Կենդանաբանական այգու, այլ պետական մարմնի մասնագետները եւ դիահերձման դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ մահվան պատճառը մկնդեղի մեծ քանակությունն է եղել։

«Սա անթույլատրելի երեւույթ է, որ որոշ մարդիկ իրենց անձնական խնդիրները լուծելու համար նման քայլերի են գնում։ Սա շարունակական երեւույթ է եղել՝ արջերի դեպքում եւս կասկածներ կան։ Իրավապահները մանրակրկիտ ուսումնասիրություն պետք է կատարեն։ Մասնավորապես, աշխատակիցը՝ տեսնելով այդ երեւույթը, սառնասրտորեն կարող է նկարել՝ առանց օգնության կանչելու, որ կենդանուն փրկեն։ Նման մարդիկ տեղ չպետք է ունենան այգում»,–ասաց Ռուբեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի առավոտյան գրանցվել էր զեբրի անկում։ Կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով և հանգամանքները պարզելու համար նոյեմբերի 10-ին հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Այժմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքները պարզելու առնչությամբ։