Հերիք չի, որ պետությունը չի կարողացել իր քաղաքացուն ապահովել արժանապատիվ աշխատանքով, մի հատ էլ իր երկրում հարկվի՞: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի առաջ քաշած գաղափարին, որը ենթադրում է անցում կատարել եկամուտների համատարած հարկամ սկզբունքին:

«Ժողովուրդ ջան, նախագիծը դեռ չկա, մանրամասներին չեմ տիրապետում, եթե ինչ-որ հարցում սխալվեմ, թող ներող լինեն, բայց ի՞նչ է նշանակում հարկել տրանսֆերտները:

Հերիք չի, որ պետությունը չի կարողացել իր քաղաքացուն ապահովել արժանապատիվ աշխատանքով, մարդն իր ընտանիքից կտրվել, հեռացել է օտար երկիր, հերիք չի, որ էտ մարդն օտար երկրում իր կատարած չարքաշ աշխատանքի համար հարկ ա վճարել, մի հատ էլ իր երկրում հարկվի՞:

Կներեք, բայց դա անելու բան չի:

Սա է՞ պետական բյուջեն լցնելու նորովի մոտեցումը:

Շատ վատ է»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի գաղափար, որի համաձայն, 2020 թվականից  եկամտային հարկի (23 տոկոս) պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Այսինքն սրանով պետք է հարկվեն նաեւ դրսից եկող մասնավոր տրանսֆերտ ստացողները, հասարակ գյուղացիները, բոլոր ինքնազբաղված անձինք:

Այդ նպատակին է ուղղված նաեւ ID-քարտերը կուտակիչ դարձնելու մեխանիզմը, որը թույլ կտա պարզել, թե որքան են կազմում մարդու եկամուտները, որից էլ հարկ կգանձվի: Ըստ էության, մարդիկ պետք է ինքնուրույն հարկային հայտարարագիր ներկայացնեն եւ վճարեն եկամտային հարկ:

Այս առնչությամբ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ռադիոլուր»-ին ասել է. «Այո, այդ գումարը, որը մարդը արտագնա աշխատանքի ժամանակ վաստակել է, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը եւ ապա հարկենք մեր օրենքով»: