Քալիֆորնիայում Camp եւ Woolsey հրդեհների հետեւանքով վնասները 9-13 մլրդ դոլար կկազմեն։ Այս մասին հայտնում են գլոբալ ռիսկերի RMS ընկերության վերլուծաբանները՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ընկերության զեկույցում ասվում է, որ Camp-ը նահանգի հյուսիսին 7,5-10 միլիարդի, իսկ Woolsey-ն հարավին 1,5-3 միլիարդի վնաս են հասցրել։

Այս թվերի մեջ ներառված են սեփականությանը, ավտոմեքենաներին հասցված վնասները, կրակից եւ ծխից վնասները, տնտեսական գործունեության ընդհատման եւ ապրելու լրացուցիչ ծախսերից առաջացած վնասները։

Ընկերության տվյալներով՝ այս պահին հրդեհների ընդհանուր մակերեսը հասել է մոտ 100 հազար հեկտարի։ Հրդեհներից ոչնչացվել են մոտ 12 հազար տներ եւ գրասենյակներ, զոհվածների թիվը հասնում է 80-ի, մոտ 1200 մարդ համարվում է անհայտ կորած։

Camp-ը Քալիֆորնիայի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհն էր։ Ընդհանուր առմամբ հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 300 000 մարդ, որոնցից 170 000-ը՝ Լոս Անջելեսի շրջանում։

Մինչ այժմ ամենաավերիչը համարվում էր Tubbs հրդեհը, որը 2017թ․ հոկտեմբերին դարձյալ նահանգի հյուսիսում էր տեղի ունեցել։