Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռուսական ռազմաբազայի զինվորական ճամբարների տարածքում տեղի են ունեցել հանդիսավոր արարողություններ՝ նվիրված հրթիռային եւ հրետանային զորքերի 76 ամյակին եւ Անդրկովկասում ռուսական ռազմական կայազորի կազմավորման 214 ամյակին։

Ինչպես տեղեկացնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը, հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Ռուսաստանի եւ Հայաստանի միացյալ հրամանատարությունը, ուժային կառույցների ղեկավարները, դիվանագիտական կորպուսի, Գյումրի քաղաքի եւ Շիրակի մարզի վարչակազմի ներկայացուցիչներ, վետերաններ, զինվորականների ընտանիքների անդամներ եւ նորակոչիկներ։

Տոնակատարության մասնակիցները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրել Խորհրդային Միության հերոս 10 տանկիստներին նվիրված հուշակոթողին, որը գտնվում է ռազմական «Պոլիգոն» ճամբարի տարածքում, եւ ռուս սպաներին նվիրված «Պատվո բլուր» հուշահամալիրին։

«Մեծ ամրոց» ռազմական ճամբարում հրետանային ստորաբաժանման սպաները եւ զինվորները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրել ամրոցի առաջին պարետ, գեներալ-մայոր Ֆեոդոր Գուբսկիի եւ Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձաններին։ Ֆեոդոր Գուբսկին 1877-1878թթ․ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ղեկավարել է հրետանին եւ իր կյանքը տվել է Անդրկովկասի ժողովուրդների ազատության եւ անկախության համար։

Տոնակատարությունն ավարտվել է ռազմաբազայի թանգարան այցով եւ տոնական համերգով։

1804թ․ նոյեմբերին Գյումրիում ռուսական զորքերի առաջին կայազորի պետ, գեներալ Սերգեյ Տուչկովի առաջնորդությամբ ռուսական ջոկատն այս քաղաքի մոտ ջախջախել է պարսկական զորքերին՝ Աբբաս Միրզայի գլխավորությամբ։

1834թ․ կայսր Նիկոլայ I-ը հաստատել է Հայաստանում ռուսական զորքերի կայազոր տեղակայելու եւ «Մեծ ամրոց» համալիրը կառուցելու նախագիծը։ «Մեծ ամրոցը» մինչ այժմ հանդիսանում է «Հարավային ամրակետ» եւ Անդրկովկասում ռուսական զորքերի տեղակայման մշտական վայր։

«Մեծ ամրոց» համալիրի շենքը պարսկական (1804թ․) եւ թուրքական (1807, 1828, 1853 եւ 1878թթ․) զորքերի դեմ ռուսական զորքերի փառավոր հաղթանակների հուշարձան է։