Nissan ճապոնական ավտոընկերությունը զբաղեցրած պաշտոններից ազատել է տնօրենների խորհրդի նախագահ Կառլոս Գոնին եւ տնօրենների խորհրդի անդամ Գրեգ Քելիին՝ ֆինանսական խարդախությունների հետ կապված աղմուկի համար, որ ծագել էր նրանց շուրջը։ Այդ մասին երկուշաբթի օրը շտապ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է ավտոընկերության գլխավոր տնօրեն Խիրոտո Սաիկավան՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա ասել է, որ ներքին ստուգումների արդյունքում Գոնի եւ Քելիի գործունեության մեջ լուրջ խախտումներ են հայտնաբերվել, ինչն անթույլատրելի է։

Nissan-ի գլխավոր տնօրենը խոստացել է, որ ներքին հետաքննության բոլոր մանրամասները մոտ օրերս կհրապարակվեն։ Նա ափսոսանք է հայտնել, որ ընկերությունը չի արդարացրել իր բաժնետերերի վստահությունը, եւ ստեղծված իրավիճակի համար ներողություն է խնդրել։