Մոսկվայի բնակչուհի Կարոլինա Սարգսյանը մասնավոր կլինիկայում պլաստիկ վիրահատությունից հետո հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝ տեղեկացնում է Life.ru-ն։

Աղջկա մոր խոսքերով՝ դուստրն ուզում էր «մի փոքր ուղղել քիթը» եւ մեկ տարի համոզելուց հետո մայրը վերջապես համաձայնել է օգնել նրան այդ հարցում։ Վիրահատությունը հաջող է անցել, սակայն Կարոլինան դրանից հետո անհանգիստ է եղել եւ չի կարողացել քնել։ Բուժքույրը նրան երկու հաբ քնաբեր է տվել, իսկ կարճ ժամանակից հետո՝ եւս երկու հաբ։

Սակայն քնելու փոխարեն Կարոլինայի մոտ շնչահեղձություն է սկսվել եւ նա սկսել է զառանցել, իսկ մի քանի օրից թոքերի այտուցման պատճառով կոմայի մեջ է հայտնվել։ Մայրը վստահ է, որ դստեր մոտ զանազան դեղերի ընդունման հետեւանքով արնահոսություն է սկսվել, իսկ որակյալ օգնություն չի եղել։

Կլինիկայի ղեկավարի խոսքերով՝ Կարոլինայի մոտ դեղերից մեկի պատճառով ալերգիա է առաջացել, եւ մեղավորն անեսթեզիոլոգն է, ով նշանակել է այդ բոլոր դեղերը։ Նշվում է, որ հենց վերջինիս անունն էր հնչում «Մեդլանժ» բժշկական կենտրոնում 3 կանանց մահվան աղմկահարույց գործում։