Մի խումբ ամերիկացի սենատորներ Ինտերպոլի գլխավոր վեհաժողովի անդամներին, ինչպես նաեւ Սպիտակ տանը կոչ են արել հանդես գալ ընդդեմ կազմակերպության նախագահի պաշտոնում ռուսաստանցի Ալեքսանդր Պրոկոպչուկի նշանակմանը, հայտնում է «Մեդուզան»:

«Գեներալ-մայոր Ալեքսանդր Պրոկոպչուկին Ինտերպոլի նախագահ ընտրելը նման է աղվեսին հավանոցի պատասխանատու նշանակելուն»,- ասել են նրանք:

Սենատորների պնդմամբ՝ Ռուսաստանը «Ինտերպոլը պարբերաբար  օգտագործում է հաշիվներ մաքրելու եւ քաղաքական ընդդիմախոսների, այլախոհների ու լրագրողների վրա հարձակումների համար», իսկ Պրոկոպչուկը, կարծես, անձամբ է մասնակցել «վախեցնելու ռազմավարությանը», որն ուղղված է «ժողովրդավարական ինստիտուտների թուլացմանը եւ Պուտինի ավտորիտար ռեժիմի ամրապնդմանը»:

Ինտերպոլի նախագահի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 21-ին Դուբայում: Նախորդ նախագահ Մեն Հունվեյը կոռուպցիայի կասկածանքով կալանավորվել է հայրենիքում՝ Չինաստանում: Ալեքսանդր Պրոկոպչուկը, որը Ինտերպոլի փոխնախագահն է 2016 թվականից, համարվում է նոր նախագահի գլխավոր թեկնածուն: