Գազի փոխանցման եւ բաշխման համակարգերը պետք է բաժանվեն: Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով երկրորդ տեղը զբաղեցրած, լուծարված խորհրդարանի գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:   

Նրա խոսքով, գազի բաշխումը պետք է իրականացվի մրցույթի միջոցով` ընտրված մեկ այլ, ավելի ցածր եկամուտով օպերատորի կողմից: «Ամբողջ աշխարհը գնում է ազատականացման ճանապարհով: Փոխանցման եւ բաշխման բաժանումը համաշխարհային ճանաչում ունեցող գործիքներից է», - ասաց Մելքումյանը:

Նա կարծում է, որ գազի համար անհրաժեշտ է ոչ թե մեկ, այլ մի քանի սակագներ սահմանել: Եվրոպական շատ երկրներում ընդունված  է, որ տեղական ինքնակառավարման մարմինները դառնան մեկ հաճախորդ եւ ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործեն` այսպես կոչված բոնուսային սակագնի վճարման համար: «Ես չեմ ասում, որ Հայաստանում էլ այդպես պետք է լինի, բայց աշխարհում շատ նման գործիքներ կան», - բացատրեց հանձնաժողովի նախագահը: