Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Արբեջանում գերի ընկած Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի հարազատների հետ: Փաշինյանն այս մասին հայտարարեց նոյեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ հանդիպման մասին Ղազարյանի հարազատներից դիմում է ստացել եւ հանձնրարարել է այն կազմակերպել:

«Իմ կինը երկու անգամ այցելել է ընտանիքին: Հարցը երբեք ուշադրությունից դուրս չի եղել: Բայց վերջերս անցկացված ակցիան հարցեր է առաջացնում. ու՞մ դեմ է այն ուղղված: Եթե Ադրբեջանի իշխանությունների դեմ, ապա ինչի համար էր պետք փակել ճանապարհը, որի փակումը Ադրեբջանի ռազմավարական նպատակներից մեկն էր: Եթե մեր դեմ էր, որովհետեւ կարծում են, որ խնդրին պատշաճ ուշադրություն չի դարձվել, ապա ինչու է վարչապետի կինը երկու անգամ այցելել ընտանիքին եւ եղել է արդյոք նման նախադեպ, երբ նման իրավիճակում հայտնված ընտանիքին, նման ուշադրություն է հատկացվել: Եթե խոսքն այն մասին է, որ Հայաստանը պետք է ավելացնի ջանքերը, ապա պետք է հասկանալ, պետք է արդյոք գործընթացը համապատասխանի Հայաստանի շահերին, թե կարելի է ցանկացած գնով պահանջել հարցի լուծումը եւ միեւնույն է, թե ինչպես հասարակությունը կվերաբերվի եւ ինչպիսին կլինի գնահատականը: Դրանք հեշտ հարցեր չեն», -նշեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանում Հայաստանի եւս մեկ քաղաքացի է գնտվում ՝ Զավեն Կարապետյանը (գերության մեջ հայտնվելու պաշտոնական հաղորդագրությունն արվել է 2017-ի հուլիսին):

«Ինչու՞ նրա համար ճանապարհներ չեն փակում: Որովհետեւ նա ո՞րբ է: Այս տրամաբանությամբ եք առաջնորդվու՞մ»: Փաշինյանը նշեց, որ ադրբեջանական կողմն առաջարկում է «բոլորին բոլորով» փոխանակել:

«Մենք պետք է գնա՞նք դրան: Իսկ մենք հարցրե՞լ ենք սպանվածների ընտանիքներին», - հարց հնչեցրեց Փաշինյանը, հիշեցնելով, որ Հասան Հասանովի (մահացել է ձերբակալման ժամանակ), Դիլհամ Ասկերովի (ԼՂՀ դատարանով ցմահ ազատազրկման է սատապարտվել) եւ Շահբազ Գուլիեւի (ԼՂՀ դատարանով 20 տարվա ազատազրկման է սատապարտվել) ահաբեկչական ներխուժման ժամանակ 2 մարդ է սպանվել, այդ թվում 18-ամյա պատանի:

«Այսինքն՝ Ադրբեջանին երկու ռամիլ սաֆարովների վերադարձնե՞նք: Հասկանում եւ հարգանքով եմ վերաբերվում Ղազարյանների ընտանիքի ողբերգությանը: Բայց բացահայտ ասում եմ՝ Վրաստան տանող ճանապարհը փակելն ինձ համար անհասկանալի է: Այսինքն կա մի բան, որ մենք կարող էինք անել եւ չենք արե՞լ: Սա իրավիճակի սխալ ըմբռնում է: Վարչապետը եւ կառավարությունը պարտավոր են նույն ձեւով երկուսի մասին մտածել», - ընդգծեց Փաշինյանը: Նա խոստացավ նաեւ հանդիպել Ղազարյանի հարազատների հետ եւ անկեղծորեն խոսել նրանց հետ:

Նշենք, որ Ասկերովը եւ Գուլիեւը գտնվում են Շուշիի բանտում, այսպիսով Արցախի իրավասության ներքո են: Այնտեղ է գտնվում նաեւ Ադրբեջանի երրրոդ քաղաքացին՝ Էլնուր Գուսենաձեն: Ադրբեջանում բացի Կարեն Ղազարյանից եւ Զավեն Կարապետյանից գտնվում է նաեւ 15 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաեւ 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:

Սա Ադրբեջանի իշխանություններին չէր խանգարել Ղազարյանին դիվերսանտ հայտարարել եւ դատել:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանը փորձել է շոու անել, Ղազարյանին դիվերսանտ ներկայացնել եւ հավասարության նշան դնել Ասկերովի եւ Գուլիեւի հետ, որոնք ծանր հանցագործություններ են կատարել. «Չնայած այս ամենին, համապատասխան աշխատանք է տարվում. հայրենակցին վերադարձնելու հարցն օրակարգում է»:

Այս հարցով ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը դիմել է ՄԱԿ եւ ԵԽ հանձնակատարներին, աշխատանք է տարվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ: Արման Թաթոյանը նաեւ հայտնել է, որ իրենք միջազգային կառույցներին ներկայացրել ենք փաստաթղթեր, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, երբևէ չի ծառայել Զինված ուժերում և նաև ունի հոգեկան առողջության խնդիրներ: Սակայն այդ կառույցներից որեւէ արձագանք դեռ չկա: