Սան Ֆրանցիսկոյում դաշնային դատավորը արգելափակել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի կատարումը, որով մերժվում է ապաստան տրամադրել Մեքսիկայի հետ սահմանը ապօրինի կերպով հատած միգրանտներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Associated Press-ին:

Դատավոր Ջոն Տիգարը ժամանակավորապես կասեցրել է հրամանի կատարումը՝ լսելով փաստաբանների փաստարկները, որոնք ներկայացնում են Քաղաքացիական ազատություննրի պաշտպանության ամերիկյան միությունը եւ Սահմանադրական իրավունքների պաշտպանության կենտրոնը: Փաստաբանները խնդրել են Թրամփի այդ քայլը մարդու իրավունքների խախտում ճանաչել: AP-ն նշում է, որ դատավորը դեռ պետք է ըստ գործի էության որոշում կայացնի:

«Մենք չենք խրախուսում նրանց, ովքեր հայտնվում են երկրում՝ անցնելով միգրացիոն կետերոը, սակայն Կոնգրեսի որոշման համաձայն, անգամ այդ դեպքում նրանց չի կարելի մերժել ապաստանի տրամադրման համար դիմում ներկայցնելու հարցում», -գործակալությունը մեջբերում է փաստաբան Լի Գելերնթի խոսքը:  

Թրամփը հրամանագիրը ստորագրել էր նոյեմբերի 9-ին, դա բացատրելով դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների քարավանները, հիմնականում, Կենտրոնական Ամերիկայից ներգաղթողների, դադարեցնելու ցանկությամբ: ԱՄՆ ՆԳՆ գնահատականներով, ԱՄՆ-ում ապաստան հայցող շուրջ 6000 մարդ արդեն կուտակվել է Մեքսիկայի հետ սահմանին: Հոկտեմբերի վերջին ամերիկացի առաջնորդը հանձնարարել էր հարավային սահման ուղարկել մինչեւ 15 հազար զինվոր, որպեսզի դրա միջոցով միգրանտների հնարավոր զանգվածային անցումը կանխվի:

Նա համոզված է, որ անօրինական ներգաղթյալները, իսկ դրանք մոտ 12 միլիոն են Միացյալ Նահանգներում, «հանցագործներ» են, որոնց պետք է հայտնաբերել եւ արտաքսել: Ըստ նրա, անօրինական ներգաղթը «ազգային անվտանգության համար անընդունելի ռիսկ է»: