Տասնյակ դեպքեր են եղել, որ ստուգվել են բարձրաստիճան պաշտոնյաների որդիների զինծառայությունից ազատման հիմքերը եւ այդ դեպքերով զբաղվում են դատախազությունը  եւ իրավապահ մարմինները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ճիշտ չի համարում անընդհատ անհարկի միջամտել այդ գործընթացին, բայց երբ ամփոփվեն արդյունքները, դրանք կներկայացվեն:

Հարցին, թե իր վարչապետության ժամանակ եղե՞լ են դեպքեր, երբ որեւէ պաշտոնյա դիմի իրեն որդու զինծառայության հարցով, Փաշինյանը պատասխանեց. «Զարմանալի է, որ կարող է հեղափոխությունից հետո որեւէ պաշտոնյա իր որդու զինծառայության համար դիմի իրեն: Իհարկե, նման դեպքեր չեն եղել: Լինում են դեպքեր, երբ ծառայության հետ կապված ինչ-որ հարցեր ծագում են»:

«Նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ այս պահին ծառայում են բանակում, ներառյալ իմ որդին: Որդուս մասին գրել էին՝ վարձով տուն են ման գալիս Ստեփանակերտում: Լավ ա չէին գրել՝ առանձնատուն են կառուցում, որ այնտեղ ապրի: Ես ամոթալի եմ համարում նման լուրերի հրապարակումը, որովհետեւ գիտեմ, որ նույնիսկ այդ լուրերի հեղինակները գիտեն, որ գրում են բացարձակ ստի մասին»:

Փաշինյանը հայտարարեց, որ իր որդին ծառայում է զորամասում եւ սովորական շարքայինի կյանքով է ապրում: «100 տոկոսով կատարում է բոլոր այն պարտականությունները, որոնք ենթադրվում է, որ պետք է կատարի շարքայինը: Ավելին ասեմ՝ ընթացակարգերով նախատեսված էր, որ նա պետք է որոշակի ժամանակահատվածում ուսումնական զորամաս տեղափոխվի, բայց ես խնդրել եմ, որ նա ծառայության վայրը չլքի, որովհետեւ ես հասկացել եմ, որ եթե ինքը բոլորի նման մի քանի ամսով գա Հայաստանում ծառայելու,  դա ինչպիսի մեծ աղմուկ կառաջացնի: Կասեն՝ շոու էր, հիմա երեւի «Մարիոթ»-ում է ծառայում»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ ինքը ժամանակին ազատվել ժամկետային զինծառայությունից. «Դրա վերաբերյալ աղմուկներ են եղել մամուլում եւ ես մանրամասն պարզաբանումներ եմ տվել: Դա տեղի է ունեցել 1991 թվականին ընդունված զինապարտության օրենքի համաձայն, երբ եթե երկու ավագ եղբայրները ծառայած են լինում բանակում, երրորդն ազատվում է բանակից»: