Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստ է համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ, այդ թվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Այս մասին նոյմեբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը՝ պատասխանելով NEWS.am –ի թղթակցի հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն առաջիկա ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցնելու դեպքում պատրաստ է համագործակցության:

Նրա խոսքով,  խորհրդարանում քաղաքական համակարգի արդյունավետ գործունեության համար պետք է ներկայացված լինի իրական ընդդիմություն, որը կարող է ոչ միայն քննադատել, այլեւ այլընտրանքային ծրագրեր առաջարկել, ներառյալ համագործակցության ոգով: «Ազգային ժողովում պետք է ներկայացված լինի ուժ, որը կարող է կառուցողական ընդդիմություն լինել:

Նման ուժը կարող է լինել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը, ի տարբերություն որոշ ուժերի, հետեւողական է իր որոշումների եւ մոտեցումների մեջ եւ կարճաժամկետ շահերից եւ նկատառումներից ելնելով չի փոխում իր քաղաքական նախասիրությունները», - նշեց պատգամավորը:

Գագիկ Մինասյանը հավելեց, որ երկիրը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած՝ ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ ներքին անվտանգության եւ տնտեսության հետ կապված հարցերում: «Ես, որպես Հայաստանի քաղաքացի, որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ, ուզում եմ խորհրդարանում տեսնել կուսակցություն, որը կառավարման փորձ ունի որպես քաղաքական ուժ, արդեն երկար տարիներ երկրի զարգացման ակունքներում է գտնվում եւ նաեւ կադրային բանկի տեսանկյունից: Որակյալ ընդդիմության ներկայությունը թույլ կտա իշխանություններին ավելի կշռադատված որոշումներ կայացնել», - եզրակացրեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Դրանց կմասնակցեն 11 քաղաքական ուժեր: