ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդային, երրորդային եւ նույնիսկ չորրորդական է, այստեղ առավել կարեւոր հարցեր կան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հուսով եմ՝ մենք հասկանում ենք, որ գլխավոր քարտուղարի հարցն այդքան էլ էական չէ, այստեղ ավելի գլոբալ ու կարեւոր հարցեր կան։ Խոսքը մեր ունեցած պարտավորությունների մասին է եւ ՀԱՊԿ–ի՝ մեր նկատմամբ ունեցած պարտավորությունների մասին է։ Գլխավոր քարտուղարի պաշտոնը երկրորդային, երրորդային եւ նույնիսկ չորրորդական հարց է այս համատեքստում, ի վերջո այն հարցերը, որոնք մենք երկար ժամանակ ունեցել ենք, ես ինքս էլ բարձրացրել եմ նախկինում, այսօր պետք է ասեմ՝ չեմ բարձրացրե՞լ։ Ինչ մենք անվանում ենք մեր անվտանգության երաշխիք, ինչքանո՞վ է երաշխավորում մեր անվտանգությունը։ Պետք է հասկանանք՝ ինչ պարտավորություններ ունենք մեր եւ ինչ պարտավորություններ ունեն այդ երկրները մեր նկատմամբ»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սա քաղաքական ճաշակի հարց չէ, այստեղ քննարկվում է  Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից նոյեմբերի 2–ին։

Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ ղեկավարների հանդիպումից հետո Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն հանդիպել էր Ադրբեջանի դեսպանի հետ, ինչից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Լուկաշենկոն պետք է բացատրություններ տա այդ քայլը կատարելու համար: Դրան ի պատասխան՝ Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Փաշինյանը հավանաբար իրեն միջազգային դատախազի տեղ է դրել»:

ՀԱՊԿ-ի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում, որտեղ որոշում կկայացվի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ: