Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր՝ նոյեմբերի 20-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենցեն (նստավայրը՝ Թբիլիսի): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել արդյունավետ գործունեություն եւ համոզմունք հայտնել, որ որպես փորձառու դիվանագետ նա իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջեւ բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ Հայաստանը եւ Լատվիան միեւնույն արժեքները կրող բարեկամ երկրներ են, շատ հարցերում ունեն ընդհանուր մոտեցումներ ու դիրքորոշումներ, ինչը լավ հիմք է ստեղծում հարաբերությունների ընդլայման եւ խորացման համար: Նախագահը հատկապես կարեւորել է առկա տնտեսական ներուժի լիարժեք օգտագործումը, ինչպես նաեւ արդյունավետ գործակցությունը Եվրամիության շրջանակում: