Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո հնարավոր է քաղաքական իրավիճակը սրվի: Այս մասին նոյեմբերի 20-ին կայացած Երեւան-Թբիլիսի հեռուստակամրջի ժամանակ ասաց  Հայաստանի Հանրային կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքյանը:

Փորձագետի խոսքով, եթե թեկնածուների միջեւ տարբերությունը կազմի 10 տոկոս եւ ավելին, ապա դժվար թե կարելի է Վրաստանի քաղաքական կյանքում կրքերի լուրջ շիկացում կանխատեսել:

«Սակայն մի քանի տոկոս ձայների տարբերության դեպքում լուրջ սրացում է հնարավոր», - նշեց նա:

Կանխատեսում անելով՝ Մելիքյանը նկատեց, որ ամենայն հավանականությամբ կհաղթի Սալոմե Զուրաբիշվիլին, չնայած նախընտրական քարոզարշավում մի քանի կոպիտ սխալներին:

«Իշխանությունների աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլիի կողմնակիցների մարտավարությունը նորից կկառուցվի Սաակաշվիլիի ռեժիմի դեմ քննադատությունների վրա», - հավելեց փորձագետը:

Ըստ գնահատման, երկրորդ փուլը անգամ ավելի շատ, քան առաջինը կլինի Բիձինա Իվանիշվիլիի եւ Միխայիլ Սաակաշվիլիի հեռակա դիմակայությունը:

Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին: Պայքարը ծավալվել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեի եւ Սալոմե Զուրաբիշվիլիի միջեւ, որին աջակցում է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը: