Գյումրիում առերեւույթ բռնաբարության փորձ կատարելու համար մեղադրվող, օրերս գրավի դիմաց ազատ արձակված  Հ. Շահնազարյանի պաշտպանը բողոքարկել է իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ դատարանի որոշումը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Շահնազարյանի պաշտպան Էդգար Թումասյանը։ Կալանքի իրավաչափության հարցը Վերաքննիչ քրեական դատարանը կքննի նոյեմբերի 22–ին։

Հիշեցնենք, որ նոյմեբերի 6–ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը՝ Հ.Շ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու մասին, եւ գրավի չափ է սահմանել 500.000 ՀՀ դրամը, որը նույն օրը մուծվել է, եւ Հ.Շ.-ն ազատ է արձակվել:

Դատարանի այս որոշումը բողոքարկել է դատախազությունը։

Ըստ դատախազության՝  այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու պարագայում մեղադրյալը, գտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնել կամ կեղծել, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալ կամ այլ ճանապարհով եւ խուսափել քրեական պատասխանատվությունից։

 Շահնազարյանի պաշտպանի խոսքով, սակայն դատարանը իր պաշտպանյալին կալանավորելիս ընդամենը մեկ հիմք էր մատնանշել. այն, որ Շահնազարյանը ազատության մեջ գտնվելով կարող է ազդեցություն ունենալ այլ անձանց վրա։

«Շահնազարյանի կալանավորման միակ հիմքը եղել է այն, որ պետք է հարցաքննվեին իմ կողմից հարցման ենթարկված 6 անձինք՝ Շանազարյանի հարազատները։ Շահնազարյանի կալանավորումից երկու օր անց նրա հարազատները հարցաքննվեցին, եւ ես միջնորդություն ներկայացրեցի գլխավոր դատախազին եւ Շիրակի դատախազին՝  պահանջելով վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը»,–ասաց նա։

Նշենք, որ նոյեմբերի 8-ին դատախազությունը որոշում է կայացվել մեղադրյալ Հ. Շահնազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ պաշտպան Էդգար Թումասյանի ներկայացած միջնորդությունը ամբողջությամբ մերժելու մասին։

Փաստաբանի խոսքով՝  դատախազությունն իր միջնորդությունը մեժել է այնպիսի հիմքով, որը դատարանն իր որոշման մեջ չի նշել։

«Միգուցե դատախազությունը չի ուսումնասիրել դատարանի որոշումը։ Դատախազը չի կարող որոշել, թե մեղադրյալին կալանքի տակ պահելու ի՞նչ հիմքեր կան, այդ հիմքերը պետք է քննիչը միջնորդությամբ ներկայացնի դատարան, որը եւ պետք է որոշի դրանց հիմնավորվածությունը»,–ասաց նա։

Թումասյանը տեղեկացրեց, որ դատական կարգով բողոքարկել է նաեւ դատախազի՝ իր միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը։

ՀԻշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի մի բնակչուհի հաղորդում եւ դիմում է տվել այն մասին, որ նույն օրը առավոտյան տանը միայնակ գտնվելու ժամանակ լսելով դռան թակոց, առանց նայելու բացել է այն եւ մտել լոգարան: Հետեւից բնակարան է մտել մի երիտասարդ, ձեռքով փակել իր բերանը, գլուխը հարվածել լոգարանի պատերի սալիկներին, որից հետո իրեն տարել է ննջասենյակ եւ փորձել բռնաբարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Նույն օրը բռնաբարության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին բերման է ենթարկվել Հ. Շ.-ն եւ ձերբակալվել: Դեպքի առթիվ  2018 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: