Եվրոպական միությունը ռազմական դաշինքի չի վերածվի։ Այդ մասին երեքշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ մեկնաբանելով համաեվրոպական բանակ ստեղծելու հնարավորության մասին կարծեիքները՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եվրոպական միությունը ռազմական դաշինքի չի վերածվի։ Ոչ մի մրցակցություն ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Մոգերինին։

«Մենք եվրոպական բանակ չենք կազմավորում, այստեղ ոչ ոք եվրոպական բանակ չի կազմավորում։ Մենք ներդրումներ ենք կատարում, որպեսզի աշխարհում եւ տարածաշրջանում խաղաղության ավելի հուսալի, ավելի ակտիվ «մատակարարներ» լինենք»,- հավելել է նա։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 6-ին հայտարարել էր, որ լավ կլինի ԵՄ-ն իր ռազմական ուժերը ստեղծի։ Նա նաեւ կարծիք էր հայտնել, թե ԵՄ-ին պետք է պաշտպանվել Չինաստանից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից։ Շուտով ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն էլ էր նման կարծիք հայտնել։