ԱՄՆ սահմանին Մեքսիկայի Ներքին Քալիֆորնիա նահանգի իշխանությունները երեքշաբթի դաշնային կենտրոնին են դիմել Կենտրոնական Ամերիկայից դեպի սահման շարժվող միգրանտների հոսքը կանգնեցնելու կամ վերաուղարկելու խնդրանքով, հայտնում է Aristegui Noticias պորտալը:

Նահանգի կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ միգրանտների հետ կապված կրիտիկական վիճակը նահանգապետին ստիպել է դիմել երկրի կառավարությանը՝ լրացուցիչ ռեսուրսներ հատկացնելու խնդրանքով: Նահանգի իշխանությունների հաշվարկով՝ միայն միգրանտներին կերակրելու համար անհրաժեշտ է ամսական 16 մլն պեսո (շուրջ 780 հազար դոլար):

Ավելի վաղ Մեքսիկայի ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ ԱՄՆ սահմանին Ներքին Քալիֆորնիա նահանգի Տիխուանա եւ Մեխիկալի քաղաքների շրջանում կենտրոնացել է 5,6 հազար միգրանտ՝ Հոնդուրասից, Գվատեմալայից եւ Սալվադորից: Նման թվով միգրանտների կարիքների ապահովման համար արդեն հատկացվել է 20,8 տոննա օգնություն՝ ներառյալ սնունդ, ծածկոցներ եւ անձնական հիգիենայի պարագաներ: Տեղադրվել են նաեւ ջրի մաքրման համակարգեր: