Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմին՝ Արցախի նկատմամբ հատուկ ուշադրություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով նրա դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համազգային խնդիրների լուծման եւ հայապահպանության գործում:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք: