Նոյեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ հավանություն ստացավ «Պաշտոնատար անձանց գործունեության ապա­հով­ման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրեն­քում փոփոխություններ եւ լրացում կա­տարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նախագահի նստավայրը Մաշտոցի 47-ից տեղափոխել Բաղրամյան 26:

Օրինագիծը ներկայացնող հիմնական զեկուցողը՝ արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ, կառավարության կարծիքով,  վարչապետը կարող է կառավարության գործունեության ղեկավարումն ու աշխատանքի համակարգումն իրականացնել մեկ նստավայրից: «Բացի այդ, մենք կարծում ենք, որ պատմական նշանակություն ունեցող Բաղրամյան 26-ը պետք է վերադարձնել Հանրապետության նախագահին, որը, ըստ սահմանադրական փոփոխությունների, նաեւ պետության գլուխն է եւ Սահմանադրության երաշխավորը»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ օրինագծով նախատեսված է, որ վարչապետը կարող է արարողությունների համար օգտվել նախագահի նստավայրի դահլիճներից:

Մնացյալ ուղղումները, որ վերաբերում էին նախագահի լիազորությունների ընդլայնմանը, քննարկումից հետո որոշվեց ներկայացնել առանձին օրենսդրական փաթեթով: Մասնավորապես՝ առաջարկվում է նախագահին լիազորել գործուղման ուղարկել դիվանագիտական աշխատողներին, քաղաքացիություն տրամադրել եւ Հայաստանի քաղաքացիության կասեցման որոշում ընդունել: Օրինագծով նաեւ առաջարկվում է նախագահին լիազորել պետական մրցանակներ եւ պատվավոր կոչումներ շնորհել, ինչպես նաեւ համաներման որոշումներ ընդունել: