Գազի սակագների նվազեցման  շուրջ բանակցությունները շարունակվում են, եւ Հայաստանում գազի սակագների փոփոխության մասին լուրերին պետք է սպասել 2019 թվականի  փետրվարին: Այս մասին նոյեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով, գազի սակագների իջեցման հարցերը  քննարկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է փոխվարչապետի պաշտոնակատարը: Դրա կազմի մեջ են մտնում վարչապետի պաշտոնակատարի խորհրդականը, Էներգետիկայի նախարարության աշխատակիցները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ):

«Այս աշխատանքային խումբը պետք է քննարկի գազի ներկրման սակագների եւ գործող սակագների ձեւավորման կառուցվածքային խնդիրները վերջնական սպառողների համար», - ասաց Բաղրամյանը:

Էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ նա նշեց, որ ՀԾԿՀ-ն տարեկան հետազոտություններ է իրականացնում:

«Ինչ վերաբերում է նախարարության ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններին, օրինակ, Հայկական ատոմային էլեկտրակայանին, կարող եմ նշել, որ հաջորդ 2019 թվականին հնարավոր է կրճատել ՀԱԷԿ-ի նորոգման համար ժամանակահատվածը՝ միավորելով երկրորդ տուրբինային գեներատորի փոփոխության որոշ աշխատանքներ», - ասաց Բաղրամյանը: Հիշեցնենք, որ 2018 թվականին կայանը 6 ամիս չգործեց: