Հայաստանի համար գազի սակագնի նվազեցման սահմանափակումը կարող է չեղյալ համարվել: Այս մասին նոյեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով, Հայաստանը չի կարող սահմանին նույն գնով գազ գնել, ինչպես Բելառուսը, այն պարզ պատճառով, որ Բելառուսը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունի, իսկ Հայաստանի սահմանին կապույտ վառելիքի գինը ներառում է տարանցման համար գումարը, որը ռուսական կողմը վճարում է Վրաստանին:

«Այնուամենայնիվ, բանակցություններն անցկացվում են սահմանին գազի գնի համեմատության հարցով, բայց բացարձակ մեծությամբ դրանք չեն կարող նույնը լինել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է  «Գազպրոմ Արմենիայի» կորուստներին, որոնք 2016-ից 5,37 տոկոսից ավելացել են 6,69 տոկոսով, նա նշեց, որ դրանք էական նշանակություն չունեն սակագների ձեւավորման գործում:

«Գազի մատակարարման համակարգում առկա գները ձեւավորվում են 2013 թվականի վերջին Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված միջպետական համաձայնագրերում ամրագրված դրույթների հիման վրա: Այս պայմանագրերի որոշ դրույթներ պարզապես սահմանափակում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործառույթները, օրինակ, այդ համաձայնագրերի համաձայն, սահմանին  գազի սակագնի իջեցման արդյունքում 189 դոլարից 165 դոլարի տնտեսված գումարը մնում է մատակարար ընկերությանը: Հետեւաբար վերջնական սպառողների համար գներն այդ ժամանակ  չէին նվազել», - ասաց Բաղրամյանը:

Արդեն 2016-ին, երբ Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը 165 դոլարից նվազել էր 150 դոլարի, նույն համաձայնագրերով հաստատվել էր, որ վերջնական սպառողների համար գազի սակագները կնվազեն այնքան, որքան նազել են մատակարարման սակագները: Այնուհետ 2017-ին ռուսական «Գազպրոմը» նախաձեռնել էր 15 դոլարով սակագների նվազեցում, համաձայանգրերում նշված էր, որ 2017-ին գործող սակագները պետք է 2018-ի ընթացքում պահպանվեին նույն մակարդակում:

«Այսօր բանակցություններ են ընթանում այս բոլոր դրույթները չեղյալ հայտարարելու հարցով, իսկ ռուսական «Գազպրոմը» հուսով է, որ հնարավոր կլինի վրացական կողմի հետ պայմանավորվել տարանցման գների կրճատման մասին»: