Հայաստանում տնտեսական հեղափոխությաուն իրականացնելու գործում մեր մեծագույն դաշնակիցը գործարար խավն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Բիզնես միջավայր եւ ներդրումներ. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա այդ նոր փուլը թեւակոխելուց առաջ Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ տեղյակ եք, որ այս ընտրություններում պատգամավորի թեկնածուների թիվը, ովքեր նաեւ համարվում են գործարար, էականորեն նվազել է, եւ դա Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների արդյունք է: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա որեւէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես Հայաստանում գործարարի կարգավիճակի նսեմացմանը նպաստող կամ գործարարի կարգավիճակը նսեմացնող գործընթաց:  Հակառակը, մենք համոզված ենք եւ ուզում ենք, ու հասնելու ենք դրան, որ Հայաստանի Հանրապետությունում լինեն շատ ավելի մեծ թվով գործարարներ, այսինքն՝ արդյունք ստեղծող մարդիկ, որոնց կարգավիճակն ավելին է, քան օրինակ՝ պատգամավորինը, նախարարինը եւ պետական որեւէ պաշտոնյայինը:

Ընդհանուր առմամբ, չեմ ուզում, որ սա էլ մեկնաբանվի որպես պետական պաշտոնյայի կարգավիճակի նսեմացում, ուղղակի կարծում եմ, որ մեր երկրի ապագան կառուցելու գործում շատ ճիշտ դերաբաշխում պետք է արվի եւ, ընդհանրապես, բիզնեսը, տնտեսությունը չպետք է քաղաքականացվի եւ դա, կարծում եմ, բխում է բոլորի շահերից՝ եւ՛ հանրության, եւ՛ գործարար խավի, եւ՛  արդյունավետ կառավարման:

Ուզում եմ ընդգծել, որ այն պրոցեսները, որոնց մասին ես առիթ ունեցա խոսել նախորդ ամիս՝ Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում, սկսել են իրենց դրսեւորել»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունը հույս ունի, որ Հայաստանը կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքր բիզնեսը դառնում է միջին, միջինը՝ խոշոր  եւ այդպես շարունակ: «Սա շատ կարեւոր արձանագրում է, որովհետեւ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մենք, պայքարելով հանուն փոքր բիզնեսի, ուզում ենք այնպես անել, որ այն հավերժ մնա փոքր եւ, պայքարելով ընդդեմ խոշոր բիզնեսի, ուզում ենք այնպես անել, որ նա հնարավորինս փոքրանա:

Մենք ուզում ենք, որ Հայաստանի տնտեսությունն իրոք լինի տեխնոլոգիական, արդյունաբերական տնտեսություն, որն իսկապես համապատասխանում է 21-րդ դարի չափանիշներին, հնարավորություններին, հեռանկարներին եւ, ինչու չէ, որոշակիորեն արձագանքում է այն մարտահրավերներին, որոնք կան մեր երկրի առաջ ՝ տնտեսական, քաղաքական նաեւ անվտանգության առումով»,-ասաց նա: