Ս.թ. նոյեմբերի 21-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը հանդիպում ունեցան ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

Կողմերը քննության առան դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ ապահովվող ԱՄՆ աջակցությունը եւ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, այդ թվում 2018թ. սեպտեմբերին ստորագրված 8 միլիոն ԱՄՆ դոլարի ընտրական աջակցության քառամյա համաձայնագիրը:

Այս նոր՝ 8 միլիոն  ԱՄՆ դոլարի համաձայնագիրը համալրում է հունիսին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված ավելի քան 640.000 ԱՄՆ դոլարը, որի նպատակն է անցումային գործընթացներում, այդ թվում եւ խորհրդարանական ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելը, հանրային կարծիքի անկախ ուսումնասիրությունների, ռազմավարական հաղորդակցության շուրջ ուսուցման եւ քաղաքացիական հասարակության խմբերին ընտրությունների դիտարկման հարցում խորհրդատվության ապահովման ֆինանսավորելը:

«ԱՄՆ կառավարության ընթացիկ եւ երկարաժամկետ աջակցությունն ուղղված ընտրական եւ քաղաքական գործընթացներին խոսում է ՀՀ կառավարության հետ ամուր գործընկերություն ունենալու մեր հանձնառության մասին: Ուրախ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ը թե՛ սեպտեմբերին կայացած Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում, թե՛ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հարցերում կարողացավ ժամանակին աջակցել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ՀՀ կառավարությանը», - ասաց ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

ԱՄՆ կառավարությունը, գործակցելով Ընտրական համակարգերի միջազգային դաշնության (ԱՅՖԵՍ) հետ, ԿԸՀ-ին աջակցում է նաեւ ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման, ընտրողների իրազեկման նյութերի մշակման եւ սոցիալական գովազդների պատրաստման հարցերում, որոնք բոլորն ուղղված են հուսալի ընտրական գործընթացի խթանմանը: Դասընթացների մասնակիցներն այնուհետեւ ձեռնամուխ կլինեն 2.000 ընտրական տեղամասերի հանձնաժողովների անդամների ուսուցմանը՝ ապահովելու ընտրությունների սահուն ու կազմակերպված ընթացքը:

«Մենք պատրաստ ենք աշխատել տեղի հաստատությունների հետ՝ մեծացնելու նրանց կարողությունները, որպեսզի, երբ մեր աջակցության կարիքն այլեւս չլինի, նրանք կարողանան արդյունավետ գործել: ԱՄՆ ՄԶԳ-ը կշարունակի համագործակցել ԿԸՀ-ի հետ եւ աջակցել Հայաստանի ընտրական բարեփոխումներին երկարաժամկետ հեռանկարում: Մենք սերտորեն կաշխատենք այլ դոնորների հետ՝ երաշխավորելու համընդգրկուն ու փոխլրացնող աջակցություն, որը շահեկան կլինի Հայաստանում բոլորի համար», - ասաց Դեբորա Գրիսերը:

Նշենք, որ 2018թ. սեպտեմբերին ԱՄՆ ՄԶԳ-ը 8 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիր է ստորագրել իր գործընկերների՝  Ընտրական համակարգերի միջազգային դաշնության (ԱՅՖԵՍ), Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (ԷնԴիԱյ) եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ԱյԱրԱյ) հետ:  Այս գործընկերության շրջանակում «Աջակցություն ընտրական գործընթացներին եւ քաղաքական հաշվետվողականությանը» ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարությանը, քաղաքական կուսակցություններին եւ ՀՀ Ազգային ժողովին՝ օգնելով առավել արդյունավետ արձագանքել քաղաքացիների կարիքներին ու ակնկալիքներին: